«Մանկական եվրատեսիլում» դրական արդյունքներ արձանագրող Հայաստանն այս անգամ հայտնվեց եվրատեսիլյան կրքերի բովում:
Պարզվում է՝ ամենևին էլ անհիմն չէին լուրերն այն մասին, որ Հայաստանը ներկայացնող 5 տղաներից կազմված «Compass band» խումբը հնարավոր է` չմասնակցի մրցույթին` ինչ-ինչ խախտումների պատճառով: Ասեկոսեները թեժանում էին, մինչ «Մանկական եվրատեսիլ»-ի հայկական նախագծի ղեկավար Գոհար Գասպարյանն արտերկրում էր, հանրայինն էլ` «ոչինչ չգիտեր»:
Այժմ, եվրատեսիլյան սկանդալը թևակոխել է մեկ այլ փուլ: «Մանկական եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակից «Compass band» խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը ներողություն է խնդրում Հ1-ի ղեկավարությունից, մասնավորապես` Գոհար Գասպարյանից՝ նրան թյուրիմացության մեջ գցելու համար:
Ստորև ներկայացնում ենք Զառա Պետրոսյանի նամակը.
«Մանկական եվրատեսիլ 2012»-ի Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել «Compass band» խմբի կատարմամբ «Sweetie baby» երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել եմ «Compass band»-ի 4 մասնակիցների լուսանկերները եւ ձայնագրված «Sweetie baby» երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում, երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաեւ իմ աշակերտ` Միաքայել Վարոսյանի մասնակցությունը, ով որեւէ առնչություն«Compass band»-ի հետ չի ունեցել: Պատրաստված տեսանյութը ինձ բերեց այն մտքի, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել«Sweetie baby»պրոյեկտի մեջ` ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա «Compass band»-ի մասնակից չի հանդիսանում:
Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոյեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար (Միքայելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին)` Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է:
Բազում միջազգային մրցույթների (28 մրցույթ` Չինաստան, Եգիպտոս, Մալթա, Չեխիա, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Մակեդոնիա, Ուկրաինա…), որոնք բերել են Հայաստանին հաղթանակներ (ավելի քան 30 մրցանակ` ի դեմս Վարդուհի Վարդանյանի, Անդրեի, Լիանայի, Էմմա Ասատրյանի, Էրիկի, Անի Քրիստիի, Սերգեյ Գրիգորյանի, Արմինե Օվոյանի), մասնակցության իմ հսկայածավալ փորձը ցույց է տվել, որ տարիքային առումով մի քանի ամսվա տարբերությունը երբեէ չի համարվել մրցութային կանոնների խախտում: Եղել եմ միջազգային ժյուրիի անդամ եւ պատվավոր հյուր բազում միջազգային մրցույթներին եւ այն դեպքերում, երբ մրցույթի կազմակերպիչները գտել են, որ մասնակիցը արժանի է մասնակցելու մրցույթին, տարիքային մի քանի ամսվա տարբերությունը չի զրկել նրան մասնակցության հնարավորությունից:
Ցանկանում եմ ներողություն խնդրել Հ1-ի ղեկավարությունից եւ իհարկե առաջին հերթին Գոհար Գասպարյանից` նրանց շփոթության մեջ գցելու համար: Հայտարարում եմ, որ Հ1-ը այս ամենի հետ ոչ մի կապ չունի եւ ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով:
Անկեղծ լինելով, ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ եւ հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը»: